Զվարճացնող
Ապրեք յուրաքանչյուր վայրկյանը առանց հապաղելու։
Եթե որևէ մեկը հանկարծ սկսում է երգել ու պարել, դա հաստատ կարող է լինել ESFP (Զվարճացնող) անձնային տեսակի ներկայացուցիչ։ Նրանք ոգևորվում են պահի խանդավառությամբ և աշխատում են, որպեսզի բոլորը զգան նույն ուրախությունը։ Ոչ մի այլ տեսակ այդքան առատաձեռն չէ իր ժամանակով և եռանդով ուրիշներին ոգևորելու հարցում, և ոչ մեկը չի անում դա նույնքան անկաշկանդ ու վառ ոճով։
Կյանքը ապրել կրքով
ESFP-ները սովորաբար ստիպված չեն ջանալ ուշադրություն գրավելու համար․ նրանք իսկապես հաճույք են ստանում ներկայացնել մարդկանց։ Բայց սա չի նշանակում, թե նրանց մղում է միայն ուշադրության կենտրոնում գտնվելու ցանկությունը։ Իրականում նրանք ապավինում են իրենց լավ զարգացած զգացողությանը, թե ինչն է տեղին այդ պահին, և անչափ օրգանական են այդ ամենը ներկայացնում։ Նրանք օժտված են իրենց շրջապատող մարդկանց վարքը կրկնօրինակելու յուրահատուկ ունակությամբ։
Նրանք անկեղծորեն ուրախանում են ամենափոքր բանից էլ, և ոչինչ այնպես չի բարձրացնում նրանց տրամադրությունը, ինչպես լավ ընկերախումբը։ Այս տիպի մարդիկ գրեթե միշտ կնախընտրեն ընկերների հետ լինել, քան մենակ մնալ։ Իրենց յուրահատուկ և բնական սրամտությամբ, նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել և յուրաքանչյուր հավաքույթ վերածել մի փոքրիկ խնջույքի։
ESFP-ները բոլոր անձնային տիպերից ունեն ամենազարգացած գեղագիտական զգացողությունը։ Սկսած արտաքին տեսքից ու հագուստից մինչև բարեկարգ տուն, նրանք ունեն նորաձևության զգացում։ Նրանք անմիջապես տեսնում են, թե ինչն է գրավիչ, և չեն վախենում փոխել իրենց միջավայրը՝ արտացոլելու իրենց անձնական ոճը։ Այս տիպը բնականից հետաքրքրասեր է և հեշտությամբ ուսումնասիրում է նոր դիզայններն ու ոճերը։
Թեև միշտ չէ, որ այդպես է թվում, այս անձնավորությունները գիտեն, որ ամեն ինչ իրենց մասին չէ. նրանք դիտողական են և շատ զգայուն ուրիշների զգացմունքների հանդեպ։ Երբ որևէ մեկը դժվարությունների մեջ է, ESFP-ները սովորաբար առաջիններից են, որ հայտնվում են օգնության՝ տրամադրելով թե՛ հուզական աջակցություն, թե՛ գործնական խորհուրդներ։ Սակայն երբ խոսքը վերաբերում է իրենց իսկ խնդիրներին, նրանք նախընտրում են խուսափել վեճերից և բաց հակասություններից։ Չնայած սիրում են փոքր-ինչ դրամա և կիրք, քննադատության թիրախ դառնալը նրանց համար անչափ ցավոտ է։
Սպոնտան հոգի
ESFP-ների առջև ծառացած ամենամեծ մարտահրավերն այն է, որ նրանք հաճախ այնքան են կենտրոնանում անմիջական հաճույքների վրա, որ անտեսում են այն պարտականություններն ու պատասխանատվությունները, որոնք հնարավոր են դարձնում այդ հաճելի պահերը։ Բարդ վերլուծությունները, կրկնվող առաջադրանքները և վիճակագրությունը իրական հետևանքների հետ կապակցելը հեշտ գործողություններ չեն ESFP անձնության տիպի մարդկանց համար։ Նրանք ավելի շուտ կհիմնվեն հանկարծակի հնարավորությունների վրա կամ պարզապես օգնություն կխնդրեն իրենց ընկերների լայն շրջանակից։ ESFP-ների համար կարևոր է մարտահրավեր նետել իրենց՝ հետևելու երկարաժամկետ բաների, ինչպիսիք են թոշակային պլանները կամ շաքարի սպառումը․ միշտ չէ, որ կլինի մեկ ուրիշը, ով կօգնի հետևել այս ամենին։
ESFP-ները ճանաչում են արժեքն ու որակը, ինչը ինքնին լավ հատկանիշ է։ Սակայն, վատ պլանավորողներ լինելու հետ միասին, սա կարող է հանգեցնել նրան, որ նրանք ապրեն իրենց հնարավորություններից վեր, և կրեդիտ քարտերը հատկապես վտանգավոր են։ Ավելի շատ կենտրոնացած լինելով հնարավորություններից օգտվելու, քան երկարաժամկետ նպատակներ պլանավորելու վրա, նրանք կարող են հայտնաբերել, որ իրենց անուշադրության պատճառով որոշ գործողություններ դարձել են անմատչելի։
ESFP-ները միշտ սպասված հյուրեր են այն վայրերում, որտեղ հարկավոր են ծիծաղ, կենսուրախություն և մեկը, ով պատրաստ է փորձել նոր և զվարճալի բաներ։ Նրանք կարող են ժամերով զրուցել՝ հաճախ բոլորովին այլ թեմաների շուրջ, քան նախատեսել էին, և կիսում են իրենց սիրելիների ուրախ ու տխուր պահերը։ Եթե կարողանան սովորել ամեն ինչ կարգին պահել, ապա միշտ պատրաստ կլինեն սուզվել աշխարհի առաջարկած նոր ու հետաքրքիր բաների մեջ՝ ընկերներին էլ իրենց հետ տանելով։