Ճարտարապետ

INTJ Անհատականություն

Ճարտարապետները երևակայություն ունեցող և ռազմավարական մտածողներ են, որոնք ունեն պլան ամեն ինչի համար։

Տեսարան, որը ներկայացնում է Ճարտարապետ անձնային տիպը (INTJ): INTJ տղամարդը խորհրդավոր կերպով դիտում է իր առջև դրված սեղանին շախմատային տախտակի նման ցանցը։ Տարածքում տեղադրված են տարբեր ճարտարապետական մոդելներ, այդ թվում՝ տներ և երկնաքերներ, գլոբուս և բրածո, որոնք ակնարկում են INTJ անձնային տիպին հատուկ ռազմավարական պլանավորման և բարդ խնդիրների լուծման վրա կենտրոնացումը։
I Ինտրովերտ N Ինտուիտիվ T Բանական J Կազմակերպված

Ճարտարապետ

Մտածողությունը մարդու մեծության հիմքն է։ Մարդն եղեգ է՝ բնության մեջ ամենաթույլը, բայց նա մտածող եղեգ է։

Բլեզ Պասկալ

INTJ տիպի (Ճարտարապետներ) մարդիկ մտավորապես հետաքրքասեր անհատներ են, որոնք ունեն խորը ձգտում դեպի գիտելիքը։ INTJ-ները բարձր են գնահատում ստեղծագործական հնարամտությունը, ուղիղ բանականությունը և ինքնազարգացումը։ Նրանք հետևողականորեն աշխատում են զարգացնել իրենց ինտելեկտուալ ունակությունները և հաճախ առաջնորդվում են ուժեղ ցանկությամբ խորը տիրապետելու ցանկացած թեմայի, որն հետաքրքրում է նրանց։

INTJ Անհատականություն (Ճարտարապետ)

Տրամաբան ու արագ մտածող INTJ-ները հպարտանում են իրենց ինքնուրույն մտածելու ունակությամբ, ինչպես նաև կեղծավորությունն ու պատիրությունը անմիջապես տեսնելու իրենց հմտությամբ։ Քանի որ նրանց միտքը կարծես ոչ մի պահ չի հանգստանում, երբեմն դժվարությամբ են գտնում մարդկանց, ովքեր կարող են հետեւել իրենց անընդհատ վերլուծություններին։ Բայց երբ վերջապես հանդիպում են նույն մտքի խորությունը գնահատող անձանց, INTJ-ները ձևավորում են խորը և ինտելեկտուալ առումով մարտահրավերային հարաբերություններ, որոնք իրապես թանկ են իրենց համար։

Առաջամարտիկ ոգի

INTJ-ները հարցականի տակ են դնում ամեն բան՝ իրենց համոզումները հիմնադրելով ապացույցների, տրամաբանության և ռացիոնալության վրա։ Շատ անձնային տիպեր սովորաբար ապավինում են արդեն ընդունված կարծիքներին ու ուրիշների փորձագիտական խորհուրդներին, բայց անվերջ փնտրող INTJ-ները նախընտրում են սեփական բացահայտումները։ Օպտիմալ լուծումներ գտնելու ջանքերում նրանք չեն վախենում խախտել կանոնները կամ առաջացնել դժգոհություն․ իրականում դա հաճախ նույնիսկ ներշնչում է նրանց։

Բայց, ինչպես կասեր այս տիպի յուրաքանչյուր ներկայացուցիչ, նոր միտքը արժեք չունի, եթե այն իրականում չի գործում։ INTJ-ները ցանկանում են ոչ միայն լինել նորարարներ, այլեւ լինել հաջողակ։ Նրանք գործի են դնում իրենց խորաթափանցությունը, տրամաբանությունը և կամքը՝ առաջ տանելու համար իրենց գաղափարները։ Նրանց համբերությունը քիչ է նրանց հանդեպ, ովքեր փորձում են ժամանակ վատնել անհիմն կանոններով կամ թույլ քննադատությամբ՝ թեև խելացի դիտողություններին սովորաբար պատրաստ են լսել։

INTJ տիպի մարդիկ, որոնք անկախ են իրենց էությամբ, ցանկանում են թոթափել ուրիշների սպասումներն ու հետամուտ լինել սեփական գաղափարներին։

Այս անձնային տիպի առանձնահատուկ գիծը խորին անկախության ձգտումն է։ INTJ-ները հակված են նախընտրելու մենակ աշխատել. գուցե որովհետև չեն սիրում սպասել, մինչև մյուսները համընթաց գան։ Նրանք հաճախ արագ են որոշումներ կայացնում՝ առանց ուրիշներից խորհուրդ հարցնելու, ինչը երբեմն կարող է դիտվել որպես անզգույշ վերաբերմունք ուրիշների մտքերի, ցանկությունների և ծրագրերի նկատմամբ։

Պետք չէ, սակայն, կարծել, թե INTJ-ները անտարբեր են։ Չնայած նրանց մասին կա կարծրատիպ, թե նրանք միայն խիստ բանական են, իրականում նրանք խորությամբ են զգում։ Եթե ինչ-որ բան չի ստացվում կամ եթե նրանք ցավեցնում են մեկին, դա խորը ազդեցություն է թողնում իրենց վրա, և նրանք երկար ժամանակ քննում են, թե ինչու այդպես տեղի ունեցավ։ Թեկուզ նրանք դժվարությամբ են զգացմունքները տեսնում որպես որոշումների հիմք և դժվարանում են հասկանալ «սրտով ապրողներին», այնուամենայնիվ նրանք անկեղծ հույզեր ունեն։

Ծարավ դեպի գիտելիքը

INTJ-ները կարող են լինել թե՛ ամենահամարձակ երազողները, թե՛ ամենադառը հոռետեսները։ Նրանք հավատում են, որ կամքի ուժով և բանականությամբ կարելի է հասնել անգամ ամենաբարդ նպատակներին։ Համոզված են, որ հեշտ տարբերակներին դիմելն անհնարեցնում է մեծագույն ձեռքբերումները։ Միևնույն ժամանակ, նրանք հակված են հոռետեսության՝ մարդու բնույթի հանդեպ, կարծելով, թե մարդկանց մեծ մասը ծույլ են, առանց երևակայության կամ ուղղակի դատապարտված են միջակության։

INTJ տիպի մարդիկ իրենց ինքնագնահատականի մեծ մասը ստանում են սեփական գիտելիքներից ու մտավոր ունակություններից։ Դպրոցում գուցե նրանց անվանեին «գիրք կրծող» կամ «գիտակ», բայց շատ INTJ-ներ այդ պիտակները վիրավորանք չեն ընկալում։ Նրանք գիտեն, որ ունակ են սովորել և հմտանալ ցանկացած ոլորտում, որը կգրավի իրենց հետաքրքրությունը՝ լինի դա ծրագրավորում, կափոեյրա, թե դասական երաժշտություն։

INTJ-ները չեն սովորում նոր բաներ միայն երևանքի համար – նրանք անկեղծ սիրում են ընդլայնել իրենց գիտելիքների սահմանները։

Իրենց կարծես անվերջանալի գիտելիքի որոնման մեջ, այս տիպի մարդիկ երբեմն միակողմանի են գործում՝ քիչ համբերությամբ հանդեպ ամեն ինչը, ինչը համարում են «անլուրջ»։ Սակայն նրանք բոլորովին ձանձրալի կամ անուրախ չեն։ Շատ INTJ-ներ հայտնի են իրենց ծաղրական (սարկաստիկ) հումորով, և նրանց լուրջ արտաքնի տակ թաքնված է սուր, զվարճալի հումորի զգացում։

Սոցիալական հիասթափություններ

INTJ-ները սովորաբար հայտնի չեն իրենց ջերմությամբ։ Նրանք հաճախ գերադասում են բանականությունն ու արդյունքները, քան քաղաքավարի ձևականությունները։ Եվ քանի որ կարևորում են ճշմարտությունն ու խորությունը, շատ առօրյա շփման ձևեր (օրինակ՝ դատարկ զրույցները կամ անմեղ սուտը) կարող են նրանց համար անիմաստ կամ հիմար թվալ։ Արդյունքում երբեմն կարծես կոպիտ են երևում, մինչդեռ նրանք պարզապես ազնիվ են։

Երբեմն INTJ-ները թերահավատորեն են մոտենում այն հարցին, թե արդյոք արժե՞ առհասարակ շփվել ուրիշների հետ՝ հաշվի առնելով դրա բարդություններն ու հիասթափությունները։

Բայց, ինչպես յուրաքանչյուր անձնային տիպ, INTJ-ներն էլ իրականում ձգտում են հաղորդակցման – պարզապես նրանք նախընտրում են շրջապատվել այնպիսի մարդկանցով, ովքեր կիսում են իրենց արժեքներն ու առաջնահերթությունները։ Հաճախ նրանք դա հաջողում են հենց իրենց լինելով։ Երբ նրանք հետևում են իրենց հետաքրքրություններին, նրանց անկեղծությունը կարող է մարդկանց ձգել դեպի իրենց՝ մասնագիտական, սոցիալական և նույնիսկ ռոմանտիկ առումներով։

Կյանքը որպես շախմատի խաղ

INTJ տիպի մարդիկ լի են հակասություններով․ նրանք միևնույն ժամանակ թե՛ երևակայող են, թե՛ վճռական, թե՛ հավակնոտ, թե՛ գաղտնապահ, թե՛ հետաքրքրասեր, թե՛ խորապես կենտրոնացած։ Դրսից այդ հակասությունները կարող են տարօրինակ թվալ, սակայն ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ ծանոթանում եք նրանց մտածողության ներքին մեխանիզմներին։

Այս անձնային տիպի համար կյանքը հիշեցնում է հսկայական շախմատի խաղ։ Հենվելով ռազմավարության վրա՝ այլ ոչ թե պատահականության, INTJ-ները յուրաքանչյուր քայլ անելուց առաջ քննում են դրա ուժեղ ու թույլ կողմերը։ Եվ նրանք երբեք չեն կասկածում, որ բավական հնարամտությամբ ու խորաթափանցությամբ միշտ կարող են հաղթական ելք գտնել, թեև ճանապարհին ինչ խոչընդոտ էլ առաջանա։