Վիրտուոզ
Ես ուզում էի ապրել կյանքը, մի ուրիշ կյանք։ Չէի ցանկանում ամեն օր գնալ նույն տեղը, հանդիպել նույն մարդկանց ու անել նույն աշխատանքը։ Ուզում էի հետաքրքիր փորձություններ։
ISTP (Վիրտուոզ) անձնային տեսակի մարդիկ սիրում են ուսումնասիրել աշխարհը ձեռքերով և աչքերով, ցուցաբերելով տպավորիչ ջանասիրություն, պատահական հետաքրքրասիրություն և առողջ թերահավատություն։ Նրանք բնատուր «արարողներ» են, անցնում են նախագծից նախագիծ՝ ստեղծելով և՛ օգտակար, և՛ գուցե ոչ այնքան անհրաժեշտ բաներ զուտ հաճույքի համար, այդ ընթացքում սովորելով իրենց միջավայրից։ Ամենամեծ ուրախությունը ստանում են «ձեռքերը կեղտոտելուց»՝ քանդելով ու վերամիավորելով ամեն ինչ, ձգտելով միշտ մի փոքր ավելի լավը դարձնել այն, ինչ կար մինչ այդ։
ISTP-ները գերադասում են խնդիրներին մոտենալ ուղղակիորեն՝ նախընտրելով պարզ ու գործնական լուծումներ բարդ ու երկարաշունչ փորձարկումների փոխարեն։ Նրանք մեծապես ապավինում են սեփական փորձին և «սխալների միջոցով» ուղղելու մեթոդին, երբ աշխատում են իրենց գաղափարների և նախագծերի վրա։ Այդ ամենն իրականացնելիս սովորաբար նախընտրում են գործել սեփական ռիթմով, իրենց իսկ պայմաններով և առանց ավելորդ շեղումների։
Շատ ISTP-ներ չեն ձգտում լայն սոցիալական շփումների, հատկապես երբ կենտրոնացած են իրենց նպատակների վրա։ Իրենց համար չափից դուրս շփումը հաճախ հոգնեցնող է։ Եվ երբ որոշեն շփվել, սովորաբար նախընտրում են փոքր, մտերմիկ միջավայրեր ավելի երկար ու աւելի «խորքային» զրույցներով։
Ուղղակի և վճռական
Չնայած նրանց վերագրվող առեղծվածայնությանը, այս տիպի մարդիկ ճիշտ այնպիսին են, ինչպիսին երևում են։ Ուղղամիտ, բայց զուսպ, հանգիստ, բայց հանկարծակի ինքնաբուխ, աշխատասեր, բայց կենտրոնացած իրենց առաջնահերթությունների վրա՝ ISTP անձնային տիպի մարդկանց վարքը դժվար է կանխատեսել, նույնիսկ ընկերների և հարազատների համար։ Նրանք կարող են որոշ ժամանակ թվալ շատ կայուն, սակայն հակված են կուտակել ինքնաբուխ էներգիա, որը պայթում է առանց նախազգուշացման՝ նրանց հետաքրքրությունները տանելով նոր ու համարձակ ուղղություններով։
Նրանց որոշումները մեծամասամբ բխում են բանականության և տվյալ պահին գործնական թվացող հանգամանքների համադրությունից։ Բայց դա չի նշանակում, որ ISTP-ները երբեմն չեն տարվում իրենց կրքերով։ Երբ նրանց մեջ հանկարծ բորբոքվում է որևէ հետաքրքրություն կամ կիրք, նրանք ամբողջ հոգով նվիրվում են դրան, մինչև ինչ-որ այլ, գուցե ավելի գրավիչ հնարավորություն հայտնվի տեսադաշտում։ Եվ երբ դա տեղի է ունենում, այս անձնային տիպի մարդիկ առանց երկմտելու հեռանում են այն նախագծերից կամ իրավիճակներից, որոնք անպտուղ են թվում կամ զրկված են ներուժից։
Նրանց առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ շտապողականությամբ գործելու պատճառով երբեմն կարող են մարդկանց վիրավորել։ ISTP-ները չեն քաղցրացնում իրենց կարծիքներն ու զգացմունքները։ Նրանց շփման ուղիղ ոճը հաճախ կարող է ընկալվել որպես կոպտություն կամ անզգայություն, բայց դա պարզապես այս անկեղծ հոգիների գործելակերպն է։ ISTP անձնավորությունները ժամանակ չեն ծախսում մարդկանց հաճոյանալու կամ ավելորդ սոցիալական ձևականությունների վրա։ Նրանց դեպքում հազվադեպ է առաջանում դրդապատճառները կասկածի տակ դնելու անհրաժեշտություն։
Կանոնները խախտելը
ISTP անձնավորություններն իսկապես յուրահատուկ խումբ են։ Իրենց էությամբ նրանք ինքնատիպ անհատներ են, ովքեր հետևում են իրենց սեփական ուղուն՝ փոխարեն հասարակական նորմերին ու կանոններին հետևելու։ Նրանց հնարավորություններ որսացող և ուղղամիտ մոտեցումը կյանքին հաճախ ստեղծում է փորձառությունների և փոխհարաբերությունների հարուստ պատկեր այս տիպի մարդկանց համար՝ որոշները չափազանց հիասթափեցնող, մյուսները՝ խորապես բավարարություն պատճառող։
ISTP-ները շարժվում են իրենց գիտելիքներով ու առկա փաստերով, ներքին զգացողությամբ և ոգեշնչմամբ՝ հաճախ խուսափելով նախասահմանված ուղուց՝ հետևելով իրենց բնազդին։ Նրանք չեն սահմանափակվում ավանդույթներով՝ նախընտրելով իրենց սեփական ուղին գծել ամեն ինչում։
Ըստ էության, ISTP անձնային տեսակի մարդիկ ապրում են ազատ՝ իրենց սեփական պայմաններով, ամենից բարձր դասելով անձնական ինքնավարությունը։ Նավարկելով սոցիալական ակնկալիքների միջով՝ նրանք միշտ գտնում են սահմաններից դուրս գալու ճանապարհ։ Նրանց ուղին թերևս չի համապատասխանում ընդհանուր նորմերին, բայց հենց դրանում է նրանց յուրահատուկ տեսակետի ուժն ու գեղեցկությունը։ Միջավայրը, որտեղ նրանք կարող են համագոյակցել իրենց ազատության, տարածքի և անկանխատեսելիության կարիքը հասկացող մարդկանց հետ, նրանց կպարգևի երջանիկ տարիներ։