արկածախնդիր
Ես օրվա ընթացքում փոխվում եմ։ Արթնանում եմ մեկ հոգեվիճակով, իսկ քնելուց առաջ գիտեմ, որ արդեն մեկ ուրիշն եմ։
ISFP (արկածախնդիր) անձնային տեսակի մարդիկ իսկական արվեստագետներ են, թեև ոչ պարտադիր դասական իմաստով։ Նրանց համար կյանքն ինքնին ինքնարտահայտման տարածք է։ Հագուստից մինչև ազատ ժամանցի նախընտրած ձևերը, ամեն ինչ անում են այնպես, որ արտացոլի իրենց եզակի անհատականությունը։ Ունենալով որոնողական ոգի և ունակություն գտնելու ուրախություն առօրյայում՝ ISFP-ները կարող են համարվել այն ամենահետաքրքիր մարդկանցից, որոնց կհանդիպեք։
Առաջնորդվելով արդարության զգացումով և բաց մտածելակերպով՝ այս անձնային տիպի մարդիկ ապրում են կյանքով՝ վարակիչ խրախուսական վերաբերմունքով: Նրանք սիրում են մոտիվացնել իրենց մտերիմներին՝ հետևել իրենց կրքերին և սովորաբար հետևում են իրենց հետաքրքրություններին նույն անսահմանափակ խանդավառությամբ: Միակ հեգնանքն այն է, որ համեստ ու խոնարհ ISFP-ները հակված են իրենց դիտարկել որպես «պարզապես իրենց գործն անող» մարդիկ, այնպես որ նրանք նույնիսկ կարող են չգիտակցել, թե իրականում որքան նշանակալի են:
Բաց մտածողության գեղեցկությունը
Այս անհատները ընդունում են կյանքի հանդեպ ճկուն, հարմարվող մոտեցում։ Որոշ անձնային տիպեր ծաղկում են խիստ ժամանակացույցերի և ռեժիմների պայմաններում, բայց ոչ ISFP-ները։ Նրանք նախընտրում են ապրել օրը այնպես, ինչպես գալիս է՝ անելով այն, ինչը տվյալ պահին ճիշտ է թվում իրենց։ Եվ նրանք հոգ են տանում, որ իրենց կյանքում բավարար տեղ թողնեն անսպասելի իրադարձությունների համար, ինչի արդյունքում նրանց ամենաթանկ հուշերից շատերը կապված են սպոնտան, հանկարծակի առաջացած զբոսանքների և արկածների հետ՝ լինի դա միայնակ, թե սիրելիների հետ։
Այս ճկուն մտածելակերպը ISFP անձնավորություններին դարձնում է բացառիկ հանդուրժող և անկանխակալ։ Նրանք անկեղծորեն գնահատում են աշխարհի բազմազանությունը՝ ընդունելով տարբեր կարծիքներ ունեցող կամ յուրահատուկ կենսակերպ վարող մարդկանց։ Ուստի զարմանալի չէ, որ նրանք հազվադեպ են փորձում համոզել մարդկանց փոխել իրենց էությունը կամ համոզմունքները։
Սակայն նրանց հոսանքին հետևելու մտածելակերպը կարող է իր թերությունները ունենալ։ Այս անձնային տեսակի մարդիկ կարող են դժվարանալ երկարաժամկետ պլաններ կազմելու հարցում, էլ չասած՝ դրանց հետևելու։ Արդյունքում, ISFP-ները երբեմն բավական անորոշ պատկերացում ունեն իրենց նպատակներին հասնելու կարողության մասին և հաճախ անհանգստանում են, որ կհիասթափեցնեն ուրիշներին։ Նրանք կարող են բացահայտել, որ իրենց կյանքում փոքր-ինչ կառուցվածքայնություն ավելացնելը մեծապես կօգնի իրենց ավելի կազմակերպված ու ունակ զգալ՝ առանց ճնշելու իրենց անկախ ոգին։
Ապրել ներդաշնակության մեջ
Հարաբերություններում ISFP-ները ջերմ են, ընկերական և հոգատար՝ անկեղծորեն վայելելով իրենց ամենամտերիմների ընկերակցությունը։ Սակայն մի սխալվեք. նրանց անհրաժեշտ է նվիրված մենակության ժամանակ՝ ուրիշների հետ շփումից հետո էներգիան վերականգնելու համար։ Հենց այս մենակության ժամանակն է, որ թույլ է տալիս այս անձնային տիպերին վերահաստատել իրենց ինքնության զգացումը՝ այլ կերպ ասած, վերամիանալ իրենց իրական էությանը։
Ստեղծագործ և ազատամիտ, այս անձնային տիպի մարդիկ քայլում են իրենց սեփական ուղիով։ Կարող է թվալ, թե նրանց առանձնապես չի անհանգստացնում, թե ինչ են մտածում իրենց մասին ուրիշները, սակայն հաճախ դա այդպես չէ։ ISFP-ները մտախոհ են և ընկալունակ, կարողանում են զգալ մարդկանց չարտահայտված զգացմունքներն ու կարծիքները, և կարող են վշտանալ, եթե զգան, որ իրենց չեն սիրում, չեն ընդունում կամ չեն գնահատում։ Նրանց հուզական ընկալունակությունն ու իսկապես զգայուն բնույթը թերևս այն պատճառներից են, թե ինչու են նրանք այդքան ընդունող և ներող ուրիշների հանդեպ։ Եթե որևէ անձնային տիպ հավատում է երկրորդ հնարավորություն տալուն, ապա դա ISFP-ներն են։
Չնայած իրենց զգայունության պատճառով առաջացող մարտահրավերներին՝ ISFP-ները ապրում են ներկայով և գիտեն, որ կարիք չկա կառչած մնալ անցյալի ցավերից ու հիասթափություններից։ Փոխարենը կենտրոնանալու թե ինչպես կարող էին բաները տարբեր լինել, այս անձնային տեսակի մարդիկ ունեն կյանքի լավ կողմերը գնահատելու անհավանական ունակություն՝ ճիշտ այնպես, ինչպես կա։ Ուր էլ նայեն, նրանք կարող են գտնել գեղեցկության և բավականության աղբյուրներ, որոնք ուրիշները կարող է բաց թողնեն, և այս տեսակետը ընդամենը մեկն է այն բազմաթիվ պարգևներից, որոնցով նրանք կիսվում են աշխարհի հետ։